Աղբիւր՝ www.armenian.irib.ir

Յուլիսի 25-ին  ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան նախաձեռնութեամբ Երևանի Կապոյտ մզկիթում կայացաւ «Պաղեստինի հարցը ողջ մարդկութեան հարցն է» խորագրով համաժողով: Միջոցառմանը  Հայաստանում Իրանի արտակարգ և լիազօր դեսպան Մուհամմադ Ռեիսին ասաց, որ այս միջոցառումը հնարաւորութիւն է ընձեռում պաշտպանելու Պաղեստինի նպատակները և արտայայտելու ատելութիւն սիոնիստական վարչակարգի օկուպացիայի և համաշխարհային կեղեքիչների այդ անմարդկային քայլերի նկատմամբ:  Վերջին օրերին Պաղեստինի անմեղ կանանց ու երեխաների դաժան սպանութիւնը հաստատում է այն վարչակարգի դաժան բնոյթը, որը ոչ մի ջանք չի խնայում իր նպատակներին հասնելու համար, և նրանց նպատակն է տարանջատել իսլամական երկրներն ու հարւածել դիմադրութեանը :
«Իսրայէլի յանցագործութիւնները Գազայում և պաղեստինցի անմեղ կանանց, տղամարդկանց ու երեխաների դաժան սպանութիւնները և ՄԱԿ ԱԽ-ի լուռ և անպատասխանատու պահւածքը սիոնիստական վարչակարգի յանցագործութիւնների հանդէպ ցաւալի է: Աւելի քան երկու շաբաթ է, ինչ Իսրայէլը, ոտնահարելով մարդկայնութեան սկզբունքները և խախտելով միջազգային ու մարդու իրաւունքները, օգտագործելով ամենաժամանակակից սպառազինութիւններ, Գազայի հատւածի անմեղ բնակիչներին իր յարձակումների թիրախն է դարձրել։ Սա 600 քաղաքացիների սպանութեան և աւելի քան 4 հազար պաղեստինցիների վիրաւորւելու պատճառ է դարձել:
Գազայի բնակչութիւնն այսօր կանգնած է անբաւարար բուժօգնութեան ու դեղամիջոցների մեծածաւալ ճգնաժամի առջև, և խոչընդոտներ են յարուցւում այդ ուղղութեամբ օգնութիւն ուղարկելուն։ Այս իրավիճակի շարունակւելը հումանիտար դաժան աղէտի պատճառ է դարձել:
Ցաւօք, այն քայլերը, որոնք ձեռնարկւել են յօգուտ Գազայի, այդ տարածաշրջանում աղէտի մակարդակին չեն համապատասխանում, և անհրաժեշտ է, որ դադարեցւեն յարձակումները, վերացւի Գազայի շրջափակումն ու սնունդ և դեղամիջոցներ ուղարկւեն, ասել է դեսպանը և  աւելացրել, որ Իսրայէլը, օգտւելով Մերձաւոր Արևելքում զարգացումներից, փորձում է արաբական ու իսլամական երկրների ուշադրութիւնը կենտրոնացնել իր վրայ և յետին պլան մղելով Պաղեստինի խնդիրները, շիաների ու սունիների միջև առաջացնել խնդիրներ, որպէսզի այս ճանապարհով իրագործի իր խարդախ նպատակները: